«Գրիգորիս» բժշկա – հումանիտար քոլեջի ուսանողների համար նոյեմբերի 6-ը պատմամշակութային արժեքների հետ ծանոթացման օր էր։
«Դեղագործություն» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ ուսումնառող lll կուրսի ուսանողներն «Ընդհանուր հոգեբանության» առարկայի դասախոս՝ Ա.Ստեփանյանի ուղեկցությամբ այս անգամ այցելեցին Կոտայքի մարզի մշակութային կոթողները։
Առաջին կանգառը Ե․Չարենցի կամարն էր, որտեղ անմահացրած են հայտնի բանաստեղծության տողերը․ «․․․Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Չնայած նրան, որ Արարատ լեռն այնքան էլ լավ չէր երևում, տեսարանը հիացնող էր և հիշեցրեց Մ․Սարյանի կտավները։
Ճանապարհը շարունակվեց հայոց պատմության հեթանոսական հետքերով։ Գառնու տաճարը մեծ հիացմունք և հետաքրքրություն առաջացրեց ուսանողների մոտ։ Ազատի կիրճի բարձունքում գտնվող այս հեթանոսական տաճարը յուրահատուկ է իր ճարտարապետությամբ և եզակիությամբ։ Ուսանողները ծանոթացան հայ ազգի հեթանոսական անցյալին, շրջեցին տաճարի հարակից շինություններով։ Մասնավորապես, հետաքրքրական էր հին բաղնիքը և այնտեղ պահպանված խճանկարները։
Ազատի կիրճը հիացնում է ոչ միայն վերևից, այլ նաև գետի երկայնքով ձգվող բնության հրաշալիքով՝ քարերի սիմֆոնիայով։
Ուղևորության վերջին կանգառը Գեղարդի վանքն էր։ Նմանը չունեցող այս վանական համալիրը զարմացրեց իր խորհրդանիշներով, ճարտարապետությամբ և խորհրդավորությամբ։
Չնայած աշնանային սառը քամուն, օրը լի էր անկրկնելի տպավորություններով և հիշողություններով։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Տարածել այս գրառումը
Տարածել այս գրառումը