Փետրվարի 24-ին «Գրիգորիս»բժշկա-հումանիտար քոլեջի Դեղագործական 3-րդ կուրսի ուսանողների համար օրը հագեցած էր մշակութային տպավորություններով։ Ուսանողները “Հոգեբանություն” առարկայի դասախոս Անուշ Ստեփանյանի հետ այցելեցին մի քանի արվեստի թանգարաններ։
Այսպիսով առաջին կանգառը Ս․ Փարաջանովի անվան տուն թանգարանն էր, որտեղ ուսանողները ծանոթացան հանճարի կոլաժներին, նկարներին, ստեղծագործական գործունեությանը և կենսագրությանը։ Փարաջանովի աշխատանքները, լինելով հագեցած և երբեմն դժվարըմբռնելի, խորը տպավորություններ առաջացրեցին ուսանողների մոտ։ Շրջայցի ընթացքում նկատեցին, որ զգացողությունները բավականին խառն էին․ տագնապ, վախ, անհանգստություն, հետաքրքրություն, հրճվանք, զվարճալի և հաճելի պահեր։
Փարաջանովի թանագարանին կից նկատելով փոքր պատկերասրահ, ուսանողները ցանկացան ծանոթանալ նաև այնտեղ ներկայացված նմուշներին։ Այսպիսով այցելեցին “Սար” ցուցահանդես-վաճառքին, որտեղ ներկայացված էին ժամանակակից և 50-70-ական թթ․ հայ նկարիչների աշխատանքները։ Մասնավորապես հետաքրքրական էին ԼՂՀ վաստակավոր նկարիչ Հովիկ Գասպարյանի կտավները, որոնք հաջողվել է տեղափոխել Շուշիից և Ստեփանակերտից։
Կարծես թե ինչ-որ բան կիսատ էր մնում և տպավորությունները դեռ բավարար չէին։ Ուստի որոշվեց ավարտել ժամանակակից արվեստի հետ ծանոթությունը “Ժամանակակից արվեստի թանգարանում”, որտեղ ուսանողները ընդլայնեցին իրենց գիտելիքները ժամանակակից արվեստի մասին, կիսվեցին տպավորություններով և մտորումներով, քննադատությամբ և հիացմունքով։
Ուսանողները ցանկություն և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու նման այցելությունները և ծանոթանալու Հայաստանի մշակութային և արվեստի արժեքների հետ։